
Մենք` ներքոստորագրյալ
ազատամարտիկներս ՀՀ իշխանություններին հայտնում ենք մեր մտահոգությունն ու
անհանգստությունը մեր մարտական ընկերներին իրենց քաղաքական հայացքների համար
մինչ օրս անազատության մեջ պահելու վերաբերյալ: Հիշեցնում ենք, որ Շիրակի
մարզից այժմ անազատության մեջ են գտնվում ազատամարտի հրամանատարներ Աշոտ
Զաքարյանը, Մուշեղ Սաղաթելյանը եւ ազատամարտիկներ Հարություն Ուռուտյանը ու
Գեւորգ Ղազարյանը: Նրանք անմիջականորեն կանգնած են եղել ՀՀ անկախ պետականության
ստեղծման ակունքներում եւ իրենց մեծագույն ավանդն են ներդրել ՀՀ սահմանների
պաշտպանության, ԼՂՀ ինքնապաշտպանության գործողությունների ընթացքում: Այս ամենը
հայտնի է թե’ ՀՀ ազգաբնակչությանը, թե’ ԼՂՀ ժողովրդին, թե’ իշխանություններին:
Այս բողոքի հայտարարությամբ
մենք արտահայտում ենք մեր խորը հիասթափությունն ու ափսոսանքը, որ
ազատամարտիկները իրենց իսկ արյան գնով ստեղծած եւ պահպանած հայրենիքում
ենթարկվում են բազմաբնույթ ճնշումների, ապա հայտնվում բանտերում` քաղաքական
բանտարկյալների կարգավիճակով:
ՀՀ իշխանություններին
զգուշացնում ենք, որ նմանատիպ քայլերով իրենք վտանգում են նաեւ մատաղ սերնդի
ռազմահայրենասիրական ոգին, որում մենք տեսնում ենք Հայաստանի պաշտպանվածության
ապագան: Սույն հայտարարությամբ սթափվելու եւ խոհեմության կոչ ենք անում ՀՀ
իշխանություններին` փոխել ազատամարտիկների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը
եւ ազատ արձակել մեր մարտական ընկերներին:
Ազատամարտիկներս հայտարարում
ենք, որ բոլոր օրինական ճանապարհներով պայքարելու ենք Հայաստանում իրենց
քաղաքական հայացքների համար բանտարկված ազատամարտիկների ազատության համար:
Վստահ ենք, որ հազարավոր ազատամարտիկներ կիսում են մեր մտահոգությունը եւ
աներեր պայքարելու են արդարության հաղթանակի համար:
Միաժամանակ պարտավոր ենք
զգուշացնել, որ ազատամարտիկների քաղաքական հալածանքների շարունակականությունը,
մեր եւ հանրության հորդորների նկատմամբ արհամարհանքը առավել են սրում երկրում
ստեղծված իրադրությունը: Քաղաքական հայացքների համար ազատամարտիկների նկատմամբ
տարվող աննահանջ հալածանքի հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է
Հայաստանի իշխանությունների վրա:
Հայտարարությունը ստորագրել են Շիրակի մարզի, թվով 62 ազատամարտիկներ
Նրանց ներկայացուցիչները
Մամլո ասուլիս են հրավիրել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի Խոսքի ազատության
սրահում ապրիլի 11-ին ժամը 11-ին: Հասցե. Գյումրի, Պուշկինի փ., 96:
www.asparez.am
կայքի լրատվական հոսքը
2008 թվի մարտ
ամսվա լրատվական հոսքի արխիվը
»»»