
Մայիսի
12-ին, այն բանից հետո, երբ ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրի
դատավոր Վահե Խալաթյանը պահանջեց դուրս տանել Գյումրու ԳԱԼԱ, Ցայգ եւ Շանթ
հեռուստաընկերությունների տեսախցիկները դատարանի դահլիճից, մեղադրյալներից Աշոտ
Զաքարյանը, Պետրոս Մակեյանը եւ Շոթա Սաղաթելյանը հրաժարվեցին ներկա գտնվել
դատական նիստին: Պետրոս Մակեյանը, ոտքի ելնելով, բացականչեց թե` «դատը
միանգամից բերդում արեք, որ լրատվաիջոցներին ու մարդկանց չեք թողնում
ներկա գտնվեն դատին...»: Երբ դատավորը, առանց դնել-վերցնելու, անծպտուն թողեց
դատարանի դահլիճը ու դատական նիստը տապալվեց, Շիրակի մարզից թվով 12
ազատամարտիկներ Կոտայքի մարզից այստեղ եկած իրենց մարտական ընկերոջ հետ հեռացան
դատարանից եւ ժամը 14-ից անժամկետ հացադուլ հայտարարեցին ԵԿՄ Գյումրու
գրասենյակում: Նրանք պահանջում են ազատ արձակել Աշոտ Զաքարյանին եւ մյուս
քաղաքական բանտարկյալներին:
Շիրակի մարզի թվով 22 ազատամարտիկներ դեռ
մայիսի 7-ին 24-ժամյա նախազգուշական հացադուլ հայտարարել էին, պահանջելով փոխել
Աշոտ Զաքարյանի խափանման միջոցը: Այդ հացադուլին որեւէ կերպ ոչ դատարանը, ոչ,
տեղական, ոչ էլ մարզային իշխանությունները չէին արձագանքել: Պետական
իշխանությունից միայն ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակյցության
ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանն էր այցելել ազատամարտիկներին եւ իր
զորակցությունը հայտնել նրանց:
Մայիսի 12-ի երեկոյան ազատամարտիկներին
այցելել էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, «Ժառանգություն» կուսակցությունից Վարդան
Խաչատրյանը եւ Զարուհի Փոստանջյանը, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի
առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը եւ ուրիշներ: Գիշերվա ընթացքում
մարդկանց հոսքը չի դադարել ու մոտավորապես 120 հոգի այցելել էր ԵԿՄ Գյումրու
գրասենյակում հացադուլի նստած ազատամարտիկներին, այստեղ էին նաեւ նրանց
զավակները, թոռները, մարտական ընկերները, լրագրողներ եւ այլք:

Մայիսի 12-ի երեկոյան ԳԱԼԱ ՀԸ-ն իր լրատվական թողարկումներում ցուցադրեց մի
հատված այն պահից, երբ դատարանի
նախասրահում դատական կարգադրիչները մետաղորսիչներով ստուգում էին դատարանի
շքամուտքի հնգաշար ոստիկանական պատնեշը հաղթահարած եւ դատական դահլիճ մտնել
պատրաստվող ազատամարտիկներին, նրանցից ինչ-որ փաստաթուղթ հարցնելով:
Ազատամարտիկներից 60-ամյա Աշիկ Մարտիրոսյանը ձեռնափայտով խփելով իր պրոթեզ
ոտքին, բարկացած ասաց, թե դա է իր «պրոպուսկը»: Այս կարգադրիչը չէր հասցրել ետ
քաշվել, երբ մյուս կարգադրիչի մետաղորսիչ սարքը զնգաց նույն Աշիկ Մարտիրոսյանի
մարմնի վրա: Կարգադրիչ երիտասարդը հարցրեց թե ի՞նչ կա նրա մոտ մետաղական ... -
ու Աշիկ Մարտիրոսյանը գոռաց.-Ասկոլկեքս են, ասկոլկեքս ... չեք էլ ամնչե ...
գետինը մտնիք...: Նրան մարտական ընկերները հազիվ ներս տարան դատարանի դահլիճ:
Կարգադրիչը կմկմում էր, թե` չէր ուզում ...: Թե ինչ չէր ուզում, այդպես էլ պարզ
չեղավ:

Մայիսի 13-ի ժամը 10-ի դրությամբ
Շիրակի մարզում հացադուլի են նստած 17 հոգի, որոնցից 13-ը Գյումրիում, 2-ը`
Ձորակապում` «Հալիվոր Պապ» մոտուռի կողքին ամրացված վրանում, երկուսը`
Մարալիկում` հացադուլավոր Բաբկեն Ուռուտյանին պատկանող ատամնաբուժարանում, ուր
այս երկու հացադուլավորները տեղափոխվել էին հրապարակի հարեւանությամբ ամրացված
վրանից, անսալով ոչ թե ոստիկանների պահանջներին ու ահաբեկումներին, այլ այն
պատճառով, որ կիրակի օրը սաստիկ անձրեւում էր Մարալիկում եւ անժամկետ հացադուլի
համար պայմանները վրանում խիստ անհարմար էին: ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի
Փոստանջյանն ու Վարդան Խաչատրյանը մայիսի 12-ին եղել են նաեւ Մարալիկում ու
Ձորակապում, տեւական զրույցներ ունեցել 4 հացադուլավորների հետ:
Շիրակի մարզի բոլոր 17 հացադուլավորներն էլ
հացադուլը հայտարարել են անժամկետ` մինչեւ իշխանություները կբավարարեն իրենց
պահանջները` ազատ կարձակեն քաղաքական բանտարկյալներին: Բոլոր հացադուլավորներն
էլ առանձնազրույցներում խոսում էին այն մասին, որ սա ամենածայրահեղ միջոցն է,
որին իրենց ստիպել է գնալ Հայաստանի ավտորիտար ռեժիմը: -Եթե այս միջոցն էլ
չօգնեց, մենք գիտենք նաեւ այլ, առավել կոշտ միջոցներ, որոնք կկիրառենք, թող
չկասկածեն,-ասում էր նրանցից եւ ամենաերիտասարդը, եւ ամենատարեցը: