Բոլորովին վերջերս ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը վստահեցնում էր, որ կրթական ոլորտը պետք է հեռու մնա ընտրություններից.
– Չպետք է թույլ տալ քաղաքականացում ուսումնական հաստատություններում: Ե՛ւ մանկավարժը, ե՛ւ ռեկտորը, ե՛ւ դասախոսը, ե՛ւ ուսանողը կարող են լինել կուսակցական, եթե այդպիսի ցանկություն ունեն, արգելել ունենալ քաղաքական հայացքներ՝ հակասահմանադրական է: Մեր խնդիրն է հետեւել, որ ոչ մի ուսումնական հաստատություն չվերածվի նախընտրական շտաբի, կրթական հաստատություններում չիրականացվեն քարոզչական-քաղաքակական միջոցառումներ:
Սակայն դպրոցների կուսակցական խճանկարն այլ բան է ասում: «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի հունվարին կատարած հարցման համաձայն՝ Գյումրու 39 հանրակրթական դպրոցների ու 3 վարժարանների տնօրենների գերակշռող մասը (62 տոկոսը կամ 25 տնօրեն) ՀՀԿ անդամներ են, 3-ը՝ ՕԵԿ-ական, 2-ը՝ ԲՀԿ-ական, 11-ն՝ անկուսակցական: Հարցմանը չի պատասխանել մեկ տնօրեն:
Ի տարբերություն Գյումրու՝ Վանաձորում տնօրեններն իրենց կուսակցական պատկանելիությամբ միատարր են:Համաձայն օրաթերթի՝ հունվարի 23-24-ը կատարած հարցման՝ Վանաձորի 29 դպրոցներից 26-ի տնօրենները ՀՀԿ ներկայացուցիչ են: Անկուսակցական տնօրեններն այստեղ ընդամենը 3-ն են:
-Այսօր ամենաքիչը ՀՀԿ ներկայացուցիչներն են դպրոցի տնօրեններ,-ասում է ՀՀԿ Գյումրի-3 կազմակերպության նախագահ Բորիս Ալեքսանովը ու հարցման մասին իմ հիշեցումից հետո շարունակում,- հնարավոր է վերջին շրջանում մարդիկ կամավոր կերպով, ինչ-ինչ նկատառումներով, ընդգրկվել են մեր կուսակցության մեջ, բայց, համենայնդեպս, մենք դպրոցի տնօրեններին հանրապետական դարձնելու նպատակ չենք ունեցել ու չունենք:
Նախարարների կամ մարզպետների փոփոխությունն ուղիղ համեմատական է դպրոցների տնօրենների կուսակցական պատկանելիության փոփոխությանը: Սա հանրապետությունում չգրված օրենք է: Այսպես՝ ՀՅԴ-ական նախարարի օրոք տնօրենները դաշնակցականներ էին դառնում, Սերգո Երիցյանի նախարարության տարիներին՝ մեծ մասն ՕԵԿ-ականներ էին: Հիմա էլ տնօրենները հետեւում են ՀՀԿ-ական նախարարի օրինակին:
-Եթե դպրոցի տնօրենը կուսակցական է, դրանով իր տեղն է ապահովում: Եթե մարդն ուզում է դառնալ տնօրեն, սակայն կուսակցական չէ, ստիպված դառնում է կուսակցական: Ու առհասարակ, այսօր կրթական ոլորտը քաղաքականացված է 90 տոկոսով,- ասում է ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գեւորգ Ալեքյանը:
-Իմ կարծիքով, գոնե մանկավարժները չպետք է կուսակցական գործունեությամբ զբաղվեն: Ի վերջո նրանք աշխատում են աշակերտների հետ, իսկ քաղաքական խնդիրները տեղափոխել դպրոց, ճիշտ չէ: Տնօրենները իշխանական կոալիցիայի ներկայացուցիչներ են, որոնց միջոցով են ձեւավորվում ընտրական հանձնաժողովերը,-պարզաբանում է ՀԱԿ ներկայացուցիչ Աշոտ Զաքարյանը:
Այսօր ընտրական հանձնաժողովների նախագահները շատ դեպքերում այն դպրոցների տնօրեններն են, որտեղ տեղակայված է տվյալ ընտրատեղամասը:
-Ոչ մի քարոզ դպրոցում չի կատարվում, ով որ դպրոցում կուսակցական է, իր ընտրությամբ է դարձել, ոչ մի պարտադրանք չի եղել,-վստահեցնում է Վանաձորի թիվ 1 դպրոցի տնօրեն Գայանե Հովիվյանը,- ես հանրապետական եմ դարձել այդ կուսակցության գաղափարներին համակրելով:
-Դպրոցն ու կուսակցական աշխանքներն ի՞նչ կապ ունեն իրար հետ: Դպրոցում կուսակցական խնդիրներից ո՛չ խոսվում է, ո՛չ էլ ինչ-որ բան է արվում, -նշում է Գյումրու թիվ 38 դպրոցի ՕԵԿ-ական տնօրեն Գոհար Շախբազյանը:
-Չեմ կարծում, որ եթե տնօրենների մեծամասնությունը ՀՀԿ անդամ են, դա խոսում է կրթական ոլորտի քաղաքականացված լինելու մասին: Որեւէ կուսակցության անդամ լինելը մարդու սահմանդրական իրավունքն է, իսկ կուսակցական գործունեությունը ծավալվում է դպրոցից դուրս, -ավելացնում է թիվ 7 դպրոցի տնօրեն, ՀՀԿ-ական Գագիկ Կարապետյանը եւ բացառում, թե տնօրենների կուսակցական պատկանելիությունը կարող է նպաստել ընտրակեղծիքների ավելացմանը:
Իսկ ի՞նչ է տալիս կուսակցական պատկանելիությունը դպրոցի տնօրենին: Միթե այդ կերպ ավելի հեշտ է դպրոց ղեկավարել:
-Շան հնարավոր է, եթե տնօրենը որեւէ կուսակցության անդամ է, դպրոցի հետ կապված ինչ-որ հարցեր կարող են լուծվել հենց այդ կուսակցության շնորհիվ, հնարավոր է նաեւ, որ այդ կուսակցությունը տիրություն անի դպրոցին,- ասում է Գյումրու թիվ 9 դպրոցի տնօրեն Անահիտ Մովսիսյանը, ով կուսակցական պատկանելություն չունի,- բայց չեմ ասում, թե պարտադիր պիտի կուսակցական լինել:
-Տնօրենի կուսակցական լինելով՝ դպրոցը չի կուսակցականացվում: Դպրոցի տնօրենը՝ որպես երկրի ակտիվ քաղաքացի, նաեւ պիտի մասնակցի երկրի քաղաքական կյանքին, եւ նա կարող է անդամագրվել իրեն հոգեհարազատ կուսակցությանը,- ավելացնում է Վանաձորի թիվ 15 դպրոցի՝ արդեն 15 տարի ՀՀԿ-ական տնօրեն Տիգրան Հախինյան:
Մինչդեռ ՀՅԴ ներկայացուցիչը տնօրենների կուսակցականացման փաստն այլ կերպ է մենկնաբանում.«Քվեների ապահովում այն կուսակցության օգտին, որի անդամն է ինքը»: Դաշնակցական Գ.Ալեքյանը, սակայն, չցանակացավ մեկնաբանել իր կուսակից Ռոմիկ Մանուկյանի մարզպետության տարիներին Շիրակի մարզի դպրոցների տնօրենների դաշնակցական լինելու հանգամանքը՝ հորդորելով այդ մասին հարցնել նախկին մարզպետից:
– Եթե մարդուն ստիպողաբար ես դարձնում կուսակցական, դրանով կուսակցությունը ոչինչ չի շահում,- կարծիք է հայտնում է Բորիս Ալեքսանովը:
Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Գյումրու 42 դպրոցների տնօրեններից 25-ը նախընտրել են իշխանական կուսակցությունը: Պարոն Ալեքսանովը չցանկացավ պատասխանել ու խորհուրդ տվեց հարցն ուղղել տնօրեններին, բայց եւ այնպես խոստովանեց՝ «Մեկը գաղափարները համակրելով, մեկը հեռահար նպատակնր ունենալով ու առհասարակ տարբեր պատճառներով»:
Առաջին լուսանկարը՝ News.am կայքի:
Մարինե Պետրոսյան

